գլխավոր Իրադարձային Ցերեկային զբոսանք. Վայոց Ձորի մարզում տեսաթակարդը Կովկասյան ընձառյուծ է «որսացել»

Ցերեկային զբոսանք. Վայոց Ձորի մարզում տեսաթակարդը Կովկասյան ընձառյուծ է «որսացել»

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) թաքնված տեսախցիկները Վայոց Ձորի մարզում գտնվող «Արփա» պահպանվող լանդշաֆտում արձանագրել են Կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը։

Հիմնադրամի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին զբոսնում, հետո մի քանի վայրկյան կանգ է առնում ու հայացքն ուղղում տեսախցիկին։

Նշենք, որ «Արփա» պահպանվող լանդշաֆտում պահպանման հատուկ ռեժիմի շնորհիվ վերջին տարիներին բեզոարյան այծերի բավական մեծ պոպուլյացիա է ձևավորվել։ Թերևս հենց կերային հարուստ պաշարն էլ վայրի կենդանուն բերել է Վայոց Ձոր։

Հայաստանյան հատուկ պահպանվող տարածքներում վերջին տարիներին տեղադրված տեսախցիկները ՀՀ տարածքում մինչ օրս Կովկասյան հովազի 3 առանձնյակ են հայտնաբերել 2018, 2020 և 2022թ–ին։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10 000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:Կովկասյան հովազը ՀՀ տարածքում բնակվել է վաղնջական ժամանակներից, խորհրդային տարիներին որսորդների համար արժեքավոր ավար է եղել թանկարժեք մորթու պատճառով։

Տեղեկություններ կան, որ միայն 1950-1972-ին ՀՀ տարածքում 75 կենդանի է սպանվել։