գլխավոր Իրադարձային Այո, կան նաև կոռուպցիոն դրսևորումներ․ մաքսային ծառայողին շնորհակալություն հայտնելու դեպք կարող է...

Այո, կան նաև կոռուպցիոն դրսևորումներ․ մաքսային ծառայողին շնորհակալություն հայտնելու դեպք կարող է լինել՝ ինչ-որ փոքր գումարով՝ 5-10 հազար դրամի չափով․ Ռուստամ Բադասյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեզ տեղեկություններ էին հասել, որ ՊԵԿ փոխնախագահ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանը հնարավոր է՝ դիմում գրի-հեռանա, քանի որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նրա գործունեության մեջ չարաշահումներ, կոռուպցիոն դրսեւորումներ է հայտնաբերել եւ դրանք ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին։ Բայց Շուշանիկին իշխանական հովանավորությունն է այդ պաշտոնում պահում, նաեւ զերծ պահում քրեական գործերից ու պաշտոնազրկումից։

Համակարգի հետ առնչվող անձինք նրան են մատնացույց անում: «Չէ, նման բան չկա, հերքում եմ»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

– Նրա աշխատանքը դրակա՞ն եք գնահատում մաքսային ոլորտում։

– Այո, եթե դրական չգնահատեմ որեւէ տեղակալի աշխատանք, անպայման կնախաձեռնեմ փոփոխություն։

– Բայց գործարարները դժգոհում են, որ մաքսայինում «հին ու բարի», այսինքն՝ կոռուպցիոն ժամանակներն են վերադարձել, եւ դրա գլխին մաքսայինի գծով պատասխանատուն է կանգնած։

– Չէ, դրանք էդպես չեն։ Եթե նույն մեր հաղորդագրություններին հետեւեք՝ նախնական հայտարարագրման համակարգի ներդրումը, երկու-երեք օր տեւող ներմուծման պրոցեսը տեւում է երկու-երեք ժամ։ Կարծում եք՝ այդ գործարարը դժգոհություն կունենա՞ ՊԵԿ-ից կամ մաքսային ծառայությունից։ Բնականաբար, խնդիրները շարունակում են շատ մնալ, այո, կան նաեւ կոռուպցիոն հնարավոր դրսեւորումներ, նման տեղեկություններ եւ նման ռիսկեր անընդհատ լինում են, դրա մասին խոսում ենք, դրանցով զբաղվում ենք, բայց հիմա մի քանի ուղղություններով կարեւոր բարեփոխումներ ենք անում, այդ թվում՝ կադրային փոփոխություններ նոր ստեղծվող մաքսային  ստորաբաժանումների միջոցով, վերապատրաստումների, պատրաստումների, բարեվարքության ստուգման միջոցով, այսինքն՝ բոլոր ուղղություններով գնում ենք, եւ ես, անձնապես անկեղծ շփվելով գործարարների հետ, ովքեր տարբեր հանդիպումներին գալիս են՝ լսելու բարեփոխումների ընթացքի մասին, լսել եմ միայն դրական արձագանքներ վերջին բարեփոխումների մասին։

– Իսկ Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում է` համակարգային կոռուպցիան վերացրել ենք: ՊԵԿ-ում կոռուպցիոն դրսեւորումներն ինչի՞ հետեւանք են, եւ ինչպիսի՞ դրսեւորումներ նկատի ունեք։

– Հիմնականում ոչ խոշոր չափի կոռուպցիոն երեւույթների մասին է խոսքը, այսինքն՝ մաքսային ծառայողին շնորհակալություն հայտնելու դեպք կարող է լինել՝ ինչ-որ փոքր գումարով՝ 5 հազար կամ 10 հազար դրամի չափով, մաքսային տերմինալներում։ Էդպիսի տեղեկություններ պարբերաբար ստացվում են, բայց կարող եմ ասել, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում էականորեն թե՛ արձագանքները, թե՛ դեպքերը, թե՛ պատահարները նվազել են։ Այսինքն՝ էդպիսի երեւույթներ ունենք, եւ դա կապում եմ սովորույթի հետ ավելի շատ։ Ցավոք սրտի, ժամանակին կոռուպցիոն երեւույթները բավականին ներդրված են եղել, եւ հիմա շատ դժվար է որոշ մարդկանց համար հրաժարվել դրանցից։

– Եթե վաղն իշխանափոխություն լինի, եւ քննության առարկա դառնան ձեր բոլորի գործողությունները, Դուք բացառո՞ւմ եք, որ հատկապես մաքսային ոլորտում մաքսատան ղեկավարներից մինչեւ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյան, վաղը չեն անցնելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով։

– Անձամբ ես չեմ ուսումնասիրել, իհարկե, բայց ես առնվազն չեմ ճանաչում ՊԵԿ-ում տեղակալ կամ մաքսատան պետ, ով այնքան գումար ունի կամ այնպիսի եկամուտներ ունի, որի աղբյուրներն անհայտ են կամ չեն հիմնավորվում որեւէ օրինական աղբյուրով։ Այսինքն՝ բացառել հենց էդպես, որ ուղիղ հարցնում եք, ես չեմ կարող որեւէ բան բացառել, բայց որեւէ նախադրյալ չունեմ։

– Իսկ Ձեր տեղակալների մասո՞վ։

– Չէ, ես շեշտեցի, այսինքն՝ այնքանով, որքանով ես այդ մարդկանց ծանոթ եմ եւ ուսումնասիրել եմ իրենց հայտարարագրերը, իրենց ապրելակերպը, որեւէ ազդակ չեմ ստացել որեւէ կոռուպցիոն դրսեւորման։

– Այ, հատկապես ապրելակերպի մասին են շատ ասում, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաների ապրելակերպն ու վարքագիծն էապես փոխվել են, Ձեր մասով շատ բան չեմ լսել, բայց Ձեր տեղակալների մասով՝ սկսած Շուշանիկ Ներսիսյանից, նաեւ այլ պաշտոնյաների մասով, լսել եմ։

– Չգիտեմ՝ ինչու եք կենտրոնացել տիկին Ներսիսյանի վրա, բայց ես իր վարքագծում որեւէ տարօրինակ բան կամ, օրինակ, քաղաքացիների հետ վատ շփում կամ վարվելակերպի որեւէ բացասական փոփոխություն չեմ նկատել։

– Ինձ հետ էլ վատ չի շփվել, ու հատուկ անձնավորված բան չունեմ իր դեմ, պարզապես ուզում եմ, որ հերքեք կամ հաստատեք այն տեղեկությունները, որոնք հիմնականում գործարար աշխարհից են գալիս՝ իրենց անձնական փորձից ելնելով։

– Լավ կլինի՝ գործարար աշխարհը փաստերով խոսի, եւ եթե էդպիսի հանգամանքներ կան, թող դիմեն մեզ։

– Ես մի անգամ առիթ ունեցա փաստերով ներկայացնելու, թե ինչպես է գործարարը դժգոհում, որ իր կողմից պաշտոնապես ներկրվող ապրանքը մաքսանենգ ճանապարհով ավելի էժան մաքսազերծմամբ է մտնում Հայաստան։

– Դուք էդ կապակցությամբ հարցրել եք ինձ, եւ ես պատասխանել եմ, որ պատճառն այն է, որ ԵԱՏՄ բեռները, որոնք ներմուծվում են ՀՀ տարածք, էդ դեպքում մաքսային հսկողություն, կարելի է ասել, չկա։ Եվ, հետեւաբար, էդ ճանապարհով որոշ դեպքերում, եթե, օրինակ, իրավատերն իր ապրանքային նշանը գրանցած չի լինում եւ այլն, ներմուծվում են ապրանքներ ավելի էժան։ Բնականաբար, դրա շրջանակներում մենք աշխատանքներ տանում ենք մշտական, այսինքն՝ դա էնպիսի երեւույթ չի, էնպիսի ծավալ չունի, որ կարելի լինի, օրինակ, ընդհանրապես իսպառ բացառել եւ վերացնել։ Ի՞նչ ենք անում․ մեր օպերատիվ ստորաբաժանումները զբաղվում են, փորձում են շփման, թեթեւ վարչարարության միջոցներով բերել հարկման դաշտ, գինը պատշաճ ապահովել, որպեսզի անհավասար մրցակցություն սուբյեկտների միջեւ չառաջանա։ Մեզ էլ են գործարարները հանդիպումների ընթացքում ասում, որ որոշ դեպքերում, օրինակ, օրինական ներմուծում են անում երրորդ երկրից, բայց շուկայում կա, տարբեր տեղերում վաճառվում է նույն իրենց ապրանքից ավելի էժան գնով, եւ իրենք, ըստ էության, տուժում են։ Բնականաբար, էդ բոլոր գործերը վերցնում ենք եւ մեր ուշադրության տակ ենք պահում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։