գլխավոր Քաղաքականություն Պետական այրերն սկսել են կյանքի կոչել դեպի Թուրքիա տանող ճանապարը նորոգելու և...

Պետական այրերն սկսել են կյանքի կոչել դեպի Թուրքիա տանող ճանապարը նորոգելու և արդիականացնելու ծրագիրը․ պատրաստվում են սահմանի բացմանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ ընդդիմությունը «առանց թուրքի Հայաստան» վանկարկելով փողոցներ է փակում, բողոքի ու անհնազանդության գործողություններ իրականացնում, իշխանությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ խաղաղության դարաշրջանն օր առաջ հայ ժողովրդի վզին փաթաթելու համար:

Պետական այրերն ակտիվորեն սկսել են կյանքի կոչել դեպի Թուրքիա տանող կոմունիկացիաները նորոգելու եւ արդիականացնելու ծրագիրը: Մեկնարկը տրվել է Մ-5, Երեւան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումից: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն արդեն հայտարարել է մրցութային ընթացակարգը:

Հիշեցնենք․ խոսքը Հայաստանը Թուրքիային կապող այն ճանապարհի մասին է, որը հայկական կողմից անտերության մատնվեց 1993 թվականից, երբ հարեւան պետությունը միակողմանիորեն փակեց սահմանը: Այսինքն՝ չկա կապ հարեւանների հետ, չկա նաեւ ճանապարհ: Ոչինչ, որ այդ ճանապարհի հարեւանությամբ հայկական գյուղերն են՝ օր-օրի մեծացող խնդիրներով: 

Տասնյակ տարիներ այդ գյուղերի բնակիչները խնդրել-աղաչել են պետությանը՝ տեր կանգնել իրենց, նորոգել կենսական նշանակության ճանապարհը, որ մայրաքաղաքի հետ կապը չընդհատվի, չեն լսել: Իշխանությունների ուշադրությունը խնդրին հրավիրելու համար պարբերաբար ծայրահեղ քայլերի են դիմել՝ բողոքի բազմաբնույթ ակցիաներ արել, բայց արհամարհվել են: Իշխանափոխությունց հետո հավատացել են ներկաներին ու նույնիսկ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկել ՔՊ-ի օգտին` այն հույսով, որ Փաշինյանի թիմը կլուծի խնդիրը, կնորոգի ճանապարհը, բայց դարձյալ խաբվել են: Ու հիմա իմանում են, որ հանուն երկրի տնտեսական շահի, հայկական կողմը գործի է անցել ու հիմնանորոգելու է հենց ա՛յն ճանապարհը, որի համար իրենք տարիներ շարունակ անպտուղ պայքարել են: 

«Ես կասեի՝ շահագրգռությունը հանուն մի քանի օլիգարխի անձնական հետաքրքրության է: Ճիշտ է՝ սահմանը բացելու պարտադրանքը նաեւ դրսից է, որը գռզոների սրտով է, բայց, ամեն դեպքում, հարթ ճանապարհներ ունենալը նաեւ հայ գյուղացու շահերից էր, որի համար 25-30 տարի պայքարում էր: Չէ՞ որ գյուղացին էլ իր ապրանքը պետք է իրացներ, իր առեւտուրն աներ քաղաքում: Բայց ո՞ր կառավարությունը լսեց նրան, ո՞ր իշխանավորը հանձն առավ խնդիրը հասցնել վերեւներին: Չէի՞ն տեսնում, որ քանդված ճանապարհների պատճառով գյուղմթերքով բեռնված մեքենաներն ընկնում էին փոսերի մեջ, մնում կես-ճանապարհին։ Մեքենաները կոտրվում էին, բերքը փչանում, շուկա չէր հասնում, բայց ո՞ւմ էր դա հետաքրքիր»,- ասում էին Երասխահուն գյուղում:

Երասխահունցիները, ամեն դեպքում, ուրախ են ճանապարհի հիմնանորոգման համար: Ասում են՝ արժանապատվության հարց է. չէինք ուզի, որ սահմանը բացվեր, եւ թուրքը տեսներ մեր բարդակ վիճակը: «Ուղղակի պետությունից ենք նեղացած. օտարին ավելի շատ է հարգում, քան իր քաղաքացուն»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։