գլխավոր Իրադարձային Դա «խաղաղության պայմանագիր» չէ, այլ՝ կեղծ օրակարգ․ դա մարդկանց խաբել է նշանակում,...

Դա «խաղաղության պայմանագիր» չէ, այլ՝ կեղծ օրակարգ․ դա մարդկանց խաբել է նշանակում, ինչպես որ 30 տարի ժողովուրդը խաբվել է, եթե մի անգամ էլ խաբվեցինք, Հայաստան չի լինելու․ Սերոբ Գասպարյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչո՞ւ հասարակությունը, ի վերջո, տասնյակ հազարների փոխարեն հարյուր հազարներով չի համախմբվում Ֆրանսիայի հրապարակում: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ «Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար, երջանկահիշատակ Ռուստամ Գասպարյանի եղբորից՝ Սերոբ Գասպարյանից, ով նկատեց.

– Այդ հարցը պետք է տաք Ֆրանսիայի հրապարակում հավաքվողներին: Ես «Ազատության» հրապարակում եմ: Թե ինչու չի համախմբվում ժողովուրդը, պատճառը շատ պարզ է. ժողովրդի զգալի հատվածը վստահություն չունի Ֆրանսիայի հրապարակում գտնվող առաջնորդների նկատմամբ: Մարդիկ չեն վստահում, չեն հավատում, որովհետեւ տեսել են, այսպես ասած, խմել են այդ հրապարակում կանգնած լիդերների թթուն:

– Պարոն Գասպարյան, այդ դեպքում ինչո՞ւ, օրինակ, Ձեր շուրջը չեն հավաքվում:

– Ես չեմ կանչում մարդկանց, կոչ չեմ անում, որ գան, մեր կողքը կանգնեն:

– Այդ դեպքում, ինչո՞ւ եք դուրս եկել «Ազատության» հրապարակ:

– Շփվում ենք ժողովրդի հետ, ուզում ենք հասկանալ՝ ազգը ի՞նչ ապագա է տեսնում:

– Այսինքն, ընդամենը հասարակության տրամադրություննե՞րն եք շոշափում:

– Առայժմ՝ այո:

– Պարոն Գասպարյան, «Դիմադրություն» շարժման առաջնորդները, համենայնդեպս, հայտարարում են, որ չկա որեւէ կուսակցական շահ, որ նպատակը մեկն է՝ «Առանց Նիկոլ Հայաստան»: Ինչո՞ւ չեք միանում նրանց:

– Հավատա՞մ, որ չկա կուսակցական շահ:

– Դե, իրենք են ասում:

– Իրենք շատ բան են ասում, իրենք որ իշխանության էին, էլի շատ բաներ էին ասում, խոստումներ տալիս: Այ, երբ ինձ մոտ հավատ ներշնչի նրանց խոսքերը, ես ինքս էլ իմ հերթին կոչ կանեմ, որ բոլորը միանան: Ֆրանսիայի հրապարակի ժողովրդի պահանջը արդար է, իրենք մեր ժողովուրդն են: Բայց ո՞վ է ելույթ ունենում, Դուք տեսնում եք: Գիտեք, ես կհավատայի, երբ նրանց կարգախոսը մի փոքր լրամշակվեր: Այն է, ոչ թե «Առանց Նիկոլ Հայաստան», այլ այսկերպ, որ հանցագործները՝ լինեն նախկին, ներկա, թե ապագա, պետք է պատժվեն, մենակ Նիկոլով չի պրծնելու ամեն ինչ: Ես մի բանում եմ վստահ, որ Փաշինյանը վաղ թե ուշ ոչ թե գնալու է, այլ պատասխան է տալու բոլոր իր արածների համար: Ու ոչ միայն Փաշինյանը, այլ բոլոր նրանք, ովքեր նպաստել են պատերազմի նման արդյունքներին, ովքեր նպաստել են երկրի կործանմանը, պետք է պատասխան տան Նիկոլի հետ միասին:

– Փաշինյանն այս անգամ էլ բացատրեց, թե ողջ պայքարը Շուշիի համար է եղել:

– Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում: Ինքը՝ խաբելով եկավ, խաբելով էլ՝ մնաց: Ինքը էսօր մի բան է ասում, վաղը՝ ուրիշ: Շուշիի համա՞ր, չէ մի… Շուշիի հարց չի քննարկվել երբեւիցե, Շուշին էլ, Հադրութն էլ սկուտեղի վրա հանձնել են:

– Իսկ ահա Էդմոն Մարուքյանը պնդում է, թե նոյեմբերի 9-ին ստորագրվածը կապիտուլյացիա չէր:

– Էդմոն Մարուքյանը մի ժամանակ ուրիշ բան էր ասում, բայց այսօր ուրիշ բան է ասում: Ես չեմ ուզում իր անձը վիրավորել, բայց ասեմ. եթե մարդը սկսում է ինչ-որ պաշտոնների գալուց ուրիշ քաղաքականություն վարել, ուրիշ նախադասություններ արտաբերել, դա, իմ կարծիքով, հարգելի չէ: Մարդիկ կան, որ մինչեւ այսօր պայքարի մեջ են՝ տարբեր կուսակցություններ, տարբեր պագոններ փոխելով, չի կարելի նման բան: Կապիտուլյացիան շարունակվում է, ի՞նչ է դա, եթե ոչ բան զիջել: Դա կապիտուլյացիա է: Այսօր մենք տեսնում ենք, որ այդ մարդը ԱԺ-ից ասում է՝ սա պիտի տանք, նա պիտի տանք: Նայում ենք սահմանին, ինչ է կատարվում, թշնամին արդեն տարուց ավել է՝ մեր սահմանի մեջ է, ու երկրի ղեկավարը ոչ մի բան չի խոսում, ոչ մի գործողություն չի անում: Կապիտուլյացիա չէ՞, երբ քո զինվորը նվաստանում է, կամ առանց կրակոցի քո զինվորին տանում են:

– Պարոն Գասպարյան, այս իրավիճակում իշխանությունը գնում է «խաղաղության պայմանագիր» ստորագրելուն:

– Հիմա իրե՞ն հավատանք, թե՝ Ալիեւին: Ալիեւն էլ դրան հակառակ ասաց, թե երբ «խաղաղության պայմանագիրը» ստորագրենք, դրանից հետո մենք կվերցնենք «մեր պատմական Զանգեզուրը», դրանից հետո` Սեւանը, եւ «ոչ թե տանկերով կմտնենք մեր պատմական Էրիվանը, այլ հենց այնպես կգանք»: Դա, կրկնեմ, «խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց հետո է լինելու… 

Դա «խաղաղության պայմանագիր» չէ, այլ՝ կեղծ օրակարգ: Դա մարդկանց թմրեցնել, խաբել է նշանակում: Ինչպես որ 30 տարի այս ժողովուրդը խաբվել է: Հիմա մարդկանց ես ասում եմ՝ սա վերջն է, եթե մի անգամ էլ խաբվեցինք, Հայաստան չի լինելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: