գլխավոր Քաղաքականություն Ամերիկացի ութ միլիարդատերեր ավելի քան 1 մլն դոլար են նվիրաբերել ընտրություններում Թրամփի...

Ամերիկացի ութ միլիարդատերեր ավելի քան 1 մլն դոլար են նվիրաբերել ընտրություններում Թրամփի պարտության համար

Ամերիկացի ութ միլիարդատերեր և մեծահարուստ մարդկանց կանայք ավելի քան 1 մլն դոլար են նվիրաբերել «Լինքոլնի նախագիծ» կոչվող հատուկ կոմիտեին՝ կանխելու համար նոյեմբերին անցկացվելիք ընտրություններում ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետում հանրապետական Դոնալդ Թրամփի վերընտրվելը։ Այս մասին հայտնել է Forbes ամսագիրը։

Պարբերականի տեղեկություններով՝ այս տարի «Լինքոլնի նախագծին» մասնակցող միլիարդատերերի թիվը մեծացել է՝ հասնելով 15-ի։ Վերջին շրջանում նրանց շարքերը համալրել է 8 մարդ։ Կոմիտեն ամենախոշոր գումարը ստացել է նավթային մագնատ եւ արդյունաբերող Փոլ Գեթիի (1892-1976) ժառանգից։ Գորդոն Գեթին Թրամփի պարտության համար նվիրաբերել է 1 մլն դոլար։

Մյուս դոնորներն են՝ Hyatt Hotels հյուրանոցների ցանցի կայսրության ժառանգ Ջոն Փրիթցքերը (100 հազար դոլար), համակարգիչների եւ գաջեթների ուղիղ վաճառքով հարստացած ձեռներեց Մայքլ Կրասնին (10 հազար դոլար), Cargill պարենային ընկերության ժառանգ Գվենդոլին Սոնթեյմ Մեյերը (10 հազար դոլար), ներդրող Ռոբերտ Զիֆը (10 հազար դոլար) եւ հեջ ֆոնդերի կառավարիչ Ջոզեֆ Էդելմանը (2 հազար դոլար)։

«Լինքոլնի նախագիծը» հիմնադրվել է 2019 թվականի վերջին եւ համաձայն չէ ԱՄՆ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության քաղաքական համոզմունքներին։ Ըստ Forbes-ի հրապարակման՝ կոմիտեն միայն այս տարի ներգրավել է 58 մլն դոլար։ Հուլիսից ներառյալ սեպտեմբեր ստացվել է 39,4 մլն դոլար, այս նվիրատվությունների 3 տոկոսը կատարել են միլիարդատերերը։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվելու են հերթական համընդհանուր ընտրությունները։ Ընտրվելու են երկրի նախագահը եւ փոխնախագահը, Ներկայացուցիչների պալատի 435 անդամներ եւ Սենատի մեկ երրորդ մասը, 13 նահանգապետներ։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար, դեմոկրատ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։ Երդմնակալությունը տեղի է ունենալու 2021 թվականի հունվարի 20-ին։