գլխավոր Գլխավոր Եղունգ ունես, գլուխդ քորիր․ Արցախի ՄԻՊ

Եղունգ ունես, գլուխդ քորիր․ Արցախի ՄԻՊ

Միջազգային կառույցների հիմնական մասի գլխավոր խնդիրը մարդու իրավունքների կեղծ պաշտամունքն է: Նման կոշտ դիտարկում է Facebook-ի իր էջում արել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով միջազգային տարբեր կառույցների արձագանքին կամ էլ լռությանը այն ամենի հանդեպ, ինչ արդեն 19 օր է՝ Արցախում է շարունակվում։

«Բոլորը խոսում են մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին, ըստ քաղաքական նպատակահարմարության աղմուկ են բարձրացնում նույնիսկ փոքրիկ դեպքերից, իսկ երբ չճանաչված պետության բնակիչները դաժանաբար սպանվում են, կամ վիրավորվում, կամ կորցնում ու լքում իրենց տները, ոչ միայն պաշտոնական ու հասցեական արձագանքներ չկան, այլ նաև պարզ մարդկային ցավակցություններն են խտրական կերպով կիրառում: Արդյո՞ք Արցախում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձը նույն իրավունքները չունի, ինչ բոլորը»,- գրել է Բեգլարյանը։

Պաշտպանի կարծիքով՝ սա ճշմարտություն է, որն առնվազն հրապարակային ձևով միջազգային կառույցները չեն ցանկանում ընդունել։ Նրանք շարունակում են «թաքնվել քաղաքական նպատակահարմարության ու անկարևոր մանդատների ետևում, իսկ մարդիկ շարունակում են սպանվել ու կրել բազմաթիվ զրկանքներ»:

Վերջում Արցախի ՄԻՊ-ը եզրահանգում է անում՝«եղունգ ունես, գլուխդ քորիր»: