
The Washington Post–ն այսօր հրապարակած ծավալուն հոդվածում անդրադարձել է թուրք–ադրբեջանական կողմում կռվող ահաբեկիչների թեմային։
Ամերիկյան պարբերականը կոնկրետ փաստ է հրապարակել այն մասին, որ Թուրքիայի ու Սիրիայի սահմանին գտնվող մաքսակետում ԼՂ–ում սպանված 52 ահաբեկիչների դիակներ են հանձնվել նրանց հարազատներին։
«Ընտանիքները հավաքվել էին սառնարանային բեռնատարի շուրջ սիրիա-թուրքական սահմանային կետի մոտ ու սպասում էին, թե երբ վարորդները կբաժանեն իրենց սարսափելի բեռը` տնից շուրջ 600 մղոն հեռու ընթացող պատերազմում զոհված 52 սիրիացի դիակները»,– գրում է The Washington Post–ը:
Պարբերականը, վկայակոչելով զոհերի հարազատների մեկնաբանությունները, նշում է, որ մահացածները վարձկաններ էին, որոնք Սիրիայի տարածքում հավաքագրվել էին Թուրքիայի կողմից` Ադրբեջանի ԶՈւ–ի կազմում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար։
Հոդվածագիրը զրուցել է սիրիացի 38-ամյա մարտիկ Մահմուդ Նաջարի զարմիկի հետ, որը հայտնել է, որ Մահմուդի մարմինը սառնարանային բեռնախցիկում նշված է եղել «12» համարով։
Նա նաև պատմել է, որ նրան թուրքական աջակցությունը վայելող գրոհայինները հավաքագրել են ամսական 2000 ԱՄՆ դոլար աշխատավարձ խոստանալով։ «Փողը միակ պատճառն է, – ասել է զոհված ահաբեկչի զարմիկը,–Ո՞վ էր ուզում գնալ Ադրբեջան: Ո՞վ գիտեր նույնիսկ Ադրբեջանի տեղը»:
Նա նշել է, որ Թուրքիայից Ադրբեջան տեղափոխվելու առաջին օրը նրանց բաց կանաչ զինվորական համազգեստ են հագցրել ու հաջորդ օրն ուղարկել ռազմաճակատ:
«Սիրիացի վարձկանները հիմնականում մենակ էին անծանոթ վայրում, շրջապատված էին իրենց համար անհասկանալի լեզուներով, պատմությամբ և խնդիրներով: Նրանց ուղեկցում էին երեք ադրբեջանցիներ»,– պատմել է թերթի զրուցակիցը։
Խոսելով հորեղբոր մահվան հանգամանքների մասին` նա նշել է, որ 9 ժամ շարունակ նրանք փորձել են ինչ–որ լեռնային բարձունք գրավել։ Բայց տեղ հասնելուն պես սպանվել են դիպուկահարի գնդակից ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ, որտեղ ընկել են։