գլխավոր Քաղաքականություն Ազգային ժողովում հյուրընկալվել է Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը

Ազգային ժողովում հյուրընկալվել է Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խումբը

Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով խորհրդարանում տեղի է ունեցել հայ և իտալացի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանն անդրադարձել է խորհրդարանական համագործակցությանը, պատգամավորների ու գործադիրի ներկայացուցիչների փոխայցերի կարևորությանը: Պատգամավորը երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմին, հետպատերազմական իրավիճակին, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին: Այդ համատեքստում Մարիա Կարապետյանն արժևորել է Իտալիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձևը, որով իտալացի խորհրդարանականներն ամրագրել են հայ ռազմագերիների վերադարձի կարևորությունը: Պատգամավորն ընդգծել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների կողմից արված հայտարարությունները:

Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն կարևորել է հայ-իտալական փոխգործակցության առավել ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտությունը՝ առանձնացնելով հատկապես բարեկամական խմբերի դերը: Ջուլիո Չենտեմերոն անդրադարձել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Պատգամավորը խոսել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հաջողությունների, հայկական կրթամշակութային առանձնահատկությունների մասին:

Ընդլայնված կազմով հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Հասմիկ Հակոբյանը, Լուսինե Բադալյանը, Մերի Գալստյանը, Սարգիս Խանդանյանը և Արուսյակ Ջուլհակյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են 44-օրյա պատերազմին, ԼՂ-ում տիրող իրավիճակին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր-մշակութային ժառանգությանը և այդ հարցում Ադրբեջանի վարած ժխտողական քաղաքականությանն ու իրականությունը խեղաթյուրող վարքագծին: Խորհրդարանականներն իտալացի գործընկերներին ներկայացրել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: