գլխավոր Գլխավոր Հադրութում 5 քաղաքացիների սպանության դեպքով քրեական գործ է հարուցվել

Հադրութում 5 քաղաքացիների սպանության դեպքով քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանը ոչ միայն խախտել է հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից հումանիտար զինադադարի վերաբերյալ պայմանները, այլև նույն օրը դիվերսիոն խումբը ներթափանցել է Հադրութ քաղաք և 5 քաղաքացիական անձի սպանել։ Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է կոմիտեի վարույթ։

Ադրբեջանը խախտել է նաև 1949թ. օգոստոսի 12-ի «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևյան կոնվենցիայի պահանջներն ու միջազգային մարդասիրական իրավունքի մյուս նորմերը։

«Ներխուժելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ, հրազենի գործադրմամբ կյանքից զրկել են ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող թվով 5 քաղաքացիական անձանց, ինչպես նաև ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված՝ հրկիզել են քաղաքացիական անձանց տներ և այլ շինություններ՝ այդ եղանակով անօրինական, կամայական ոչնչացնելով մեծ չափերի գույք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քրեական գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ ) 1-ին մասի 1-ին կետով (սպանություն), 416-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (գույքն անօրինական, կամայական, մեծ չափերով ոչնչացնելը կամ յուրացնելը):

Նախաքննությունը շարունակվում է: