գլխավոր Իրադարձային Արցախում պարեկային ծառայությունն իրականացվում է ուժեղացված ռեժիմով․ ստուգվում են բոլոր տրանսպորտային միջոցները

Արցախում պարեկային ծառայությունն իրականացվում է ուժեղացված ռեժիմով․ ստուգվում են բոլոր տրանսպորտային միջոցները

Արցախում ճանապարհային ոստիկանությունը խստացված ռեժիմով ծառայություն է իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։

Նշվում է, որ հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների և իրավախախտումների թվի աճը, Արցախի նախագահի կողմից անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարություններով Արցախի ողջ տարածքում կազմակերպվում և իրականացվում են հատուկ միջոցառումներ։

«Ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածներում Կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվում են տրանսպորտային միջոցները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ստուգվում է նաև փոխադրվող բեռը` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ և այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկությունների կամ հիմնավոր կասկածների առկայության դեպքում։