գլխավոր Իրադարձային Ալեն Սիմոնյանը չի պարզաբանում՝ ինչպես է իշխանությունը տեսնում Արցախի վերջնական կարգավիճակը. Azatutyun.am

Ալեն Սիմոնյանը չի պարզաբանում՝ ինչպես է իշխանությունը տեսնում Արցախի վերջնական կարգավիճակը. Azatutyun.am

«Կա առաջարկ՝ Ադրբեջանն արել է իր առաջարկը, Հայաստանն արել է իր առաջարկը: Ամեն մի բառը քննարկման առարկա է», – «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կա առաջարկ՝ Ադրբեջանն արել է իր առաջարկը, Հայաստանն արել է իր առաջարկը: Վերցնում ենք երկու առաջարկը, նստում ենք և սկսում ենք քննարկել: Ամեն մի ձևակերպումը, ամեն մի բառը քննարկման առարկա է, բայց ինչ-որ բանից պետք է սկսել, չէ՞: Ինչ-որ ձևակերպում Ադրբեջանի ձևակերպման մեջ մեր դուրը չի գալիս, ինչ-որ՝ մեր, դա է գործընթացը», – նշեց խորհրդարանի խոսնակը:

Հարցին, թե ինչպե՞ս են տեսնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման հարցը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ձեզ ասելը նշանակում է, պայմանական, ինչ-որ բանակցային գործընթացի մեջ խառնվել, որի իրավասությունը ես չունեմ»:

«Ես որպես օրենսդիր մարմնի ղեկավար, չեմ կարող բանակցային պրոցեսի մաս հանդիսանալ և ինչ-որ ձևով կանխորոշել: Այդ հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարարը, կառավարության ղեկավարը, ես հիմա այդ գործողությունն անելով, մեղմ ասած, կխառնվեմ մի գործընթացի մեջ, որին ես այս պարագայում խառնվելու իրավունք չունեմ», – նշեց Սիմոնյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե մինչև բանակցությունների գնալը, պետք է արդեն քաղաքական որոշում կայացրած լինեին, ԱԺ նախագահն արձագանքեց. «Քաղաքական որոշման մասին «Ազատության» ուղիղ եթերում ասելը նշանակում է դա ասել Ադրբեջանին, Ռուսաստանին, Ֆրանսիային: Եթե ես դրա կարիքն ունենամ, ես դա կանեմ այդ ճանապարհով»:

Անդրադառնալով իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմության պնդմանը՝ եթե Արցախի կարգավիճակի հարցն ուզում են լուծել հայանպաստ, պետք է ասեն, որ երբեք չեն պատկերացնում Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, Սիմոնյանը նշեց. «Իրենք որևիցե հարցի պատասխան չեն ուզում ստանալ, իրենց բազմաթիվ անգամ առաջարկվել է գալ և դրա մասին զրուցել: Իրենց հետաքրքիր է, ժողովրդական լեզվով ասեմ, պաշտոնակռիվը, որովհետև այս ամբողջ կռիվը պաշտոնի համար է, տեղի համար է, և մենք այսպես ասած մեր 10 մատին մոմ էլ անենք, մեկ է, իրենք ասելու են՝ «բայց այդ մոմն, այնուամենայնիվ, կարճ է վառվում» և այլն: Ուստի բովանդակային զրույցի մեջ մտնելու համար հիմա նույնիսկ այս ֆորմատով համարում եմ անիմաստ, որովհետև հիմա վերցնելու են ինչ-որ նախադասություն կտրեն, մի բառակապակցություն վերցնեն, ասեն՝ «բայց դու սենց ասեցիր, նենց ասեցիր», 100 անգամ ասվել է՝ հետաքրքրված եք Արցախով, Ամիրյան փողոցի վրա չեն Արցախի հարցով հետաքրքրվում, եկեք մեր հետ խոսացեք, պատմենք ձեզ»: