գլխավոր Իրադարձային Սաուդյան Արաբիայի բոյկոտն ընդդեմ Թուրքիայի. «Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ...

Սաուդյան Արաբիայի բոյկոտն ընդդեմ Թուրքիայի. «Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»

Al Arabiya-ն հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը՝ ևս մեկ անգամ կրկնել է իր կոչը՝ բոյկոտել «ամեն թուրքականը»:

«Սաուդյան Արաբիան չպետք է բիզնեսով զբաղվի երկրում թուրքական ընկերությունների հետ: Ես ասացի դա պարզ և հստակ: Ո՛չ մի ներդրում, ո՛չ մի ներկրում, ո՛չ մի զբոսաշրջություն»,- նշել է Աջլան ալ Աջլանը իր թվիթերյան էջում:

Նրա խոսքով՝ իրենք, որպես քաղաքացի և գործարար, ոչ մի գործ չեն ունենա թուրքական բիզնեսի հետ: Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը կոչ է արել չհամագործակցել երկրում առկա թուրքական ընկերությունների հետ, նշելով, որ սա «նվազագույն պատասխանն է», որն իրենք կարող են տալ «շարունակաբար իրենց երկրի և իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վիրավորանքների և թշնամանքներին ֆոնին»:

Թուրքական բիզնեսների բոյկոտի մասին կոչը հնչել էր այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր. «Չպետք է մոռացվի, որ այս երկրները գոյություն չունեին երեկ և, հավանաբար, գոյություն չեն ունենա վաղը: Ինչևէ, մենք հավերժ կշարունակենք ծածանել մեր դրոշը այս տարածաշրջանում»: