գլխավոր Իրադարձային Ոստիկանության նախկին ծառայողը փորձել է «լավություն» անել հանցագործություն կատարած անձին. ԱՀ դատախազությունը...

Ոստիկանության նախկին ծառայողը փորձել է «լավություն» անել հանցագործություն կատարած անձին. ԱՀ դատախազությունը ձայնագրություն է հրապարակել

Իրավապահ համակարգը համատեղ ուժերով փորձում է պայքարել նաև սեփական շարքերում հանցավոր երևույթները վերացնելու ուղղությամբ։ Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը, ի թիվս այլ հանգամանքների, մեծապես պայմանավորված է նաև իրավապահ մարմինների փոխգործակցության որակից, համակարգի ծառայողների մասնագիտական ունակություններից ու հաստատակամությունից, օրինականության և իրավունքի պաշտպանության վեհ գործին ծառայելու պատրաստակամությունից: 

Դժբախտաբար ԱՀ իրավապահ համակարգը զերծ չէ սեփական առաքելության բովանդակությանը հակադիր կեցվածք ունեցող ծառայողներից, որպիսի երևույթների դեմ պայքարը պետք է լինի բոլորիս խնդիրը:

Վերջերս ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործով նախաձեռնվել էր ենթադրյալ հանցանք կատարած անձի հեռախոսային խոսակցության լսում՝ նշված անձի կողմից կատարվող հանցագործությունների դեպքերը բացահայտելու համար: ԱՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև հիշյալ քննչական գործողության կատարման արդյունքում պարզվել է, որ ոստիկանության ծառայողը ոստիկանություն դիմած անձի՝ հանցագործության վերաբերյալ  հաղորդումը գրանցելու և ընթացքավորելու փոխարեն, արտաիրավական ճանապարհով,  ենթադրյալ հանցանք կատարած անձին «լավություն» անելու և սեփական հնարավորություններն ընդգծելու նպատակով փորձել է «հարթել» քաղաքացու իրավունքի խախտումը և ենթադրյալ հանցագործությամբ քաղաքացուն պատճառված վնասի հատուցումը՝ այդ կերպ վնաս հասցնելով իրավապահ համակարգի հեղինակությանը, նպաստելով ենթադրյալ հանցանք կատարած անձի՝ քրեական պատասխանատվությունից խուսափելուն: 

Ոստիկանության հիշյալ ծառայողն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում հատվածներ ոստիկանության նախկին ծառայողի և ենթադրյալ հանցանք կատարած անձի հեռախոսային խոսակցությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: