
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) Հայաստանի գրասենյակը ցավ է հայտնում ՀՀ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա տղայի ծանր վիրավորվելու կապակցությամբ և վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը:
«Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։
Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու և նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ»,- գրված է UNICEF-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին առավոտյան Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է Գեղարքունիքի մարզում բնակվող Արզոյանների ընտանիքի մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին’ Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, վերակենդանացման բաժանմունքում է: