գլխավոր Գլխավոր Twitter-ի միջոցով դիվանագիտություն չեն վարում․ Eurasianet

Twitter-ի միջոցով դիվանագիտություն չեն վարում․ Eurasianet

Այս օրերին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը մղում են վերջին երեք տասնամյակների ընթացքում իրենց ամենաարյունահեղ պատերազմը, Միացյալ Նահանգները, կարծես թե, գրեթե ուշադրություն չի դարձնում ծավալվող իրադարձություններին, գրում է Eurasianet-ը։

«Սեպտեմբերի 27-ին վերսկսված ռազմական գործողություններից հետո Վաշինգտոնը բարձր մակարդակով գրեթե որևէ դիվանագիտական միջոց չի ձեռնարկել»,- նշում է հոդվածագիր Ջոշուա Կուչերան՝ ընդգծելով, որ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ամենանշանակալի միջամտությունը նախօրեին արված թվիթերյան գրառումն է եղել, որը երկու կողմերին կոչ է անում պահպանել գրեթե գոյություն չունեցող հրադադարը և դադարեցնել քաղաքացիական շրջանների գնդակոծությունը:

«Twitter-ի միջոցով դիվանագիտությունը չի լուծում ղարաբաղյան հակամարտությունը։ Պոմպեոն առնվազն պետք է հեռախոսազրույց ունենար կողմերի հետ»,- ասել է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին։

Ինչպես նշում է հոդվածագիրը, մինչդեռ մյուս համաշխարհային առաջնորդները, ներառյալ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անձամբ են հանդես եկել հակամարտության վերաբերյալ հայտարարություններով, իսկ նրանց ամերիկացի գործընկերը դա չի արել: Պոմպեոյի բացակայության պայմաններում ԱՄՆ-ի դերը վերապահվել է պակաս նշանակալի պաշտոնյաների, ինչպիսիք են՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը և պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգուն։