գլխավոր COVID-19 Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել

Կորեայի Հանրապետությունը պատրաստ է ԿԺԴՀ-ին Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու անհրաժեշտ դեղորայք մատակարարել։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը։

«Եթե Հյուսիսային Կորեայի իշխանությունները դրական արձագանքեն, մենք ջանք չենք խնայի և կտրամադրենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը, այդ թվում՝ կուղարկենք բուժաշխատողներ և կմատակարարենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, դեղորդայք ու բժշկական գործիքներ», – ասել է Հարավային Կորեայի նախագահը խորհրդարանում ելույթի ժամանակ։

Նա ընդգծել է Հյուսիսային Կորեային ցանկացած պահի մարդասիրական օգնություն ցուցաբերելու Հարավային Կորեայի պատրաստակամությունը՝ չնայած երկու երկրների հարաբերություններում առկա քաղաքական և ռազմական նկատառումներին։

«Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք կորոնավիրուսի սպառնալիքի առջև հայտնված Հյուսիսային Կորեայի բնակիչներին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու համար», – նշել է Յուն Սոկ Յոլը։