գլխավոր Իրադարձային Freedom House-ը կոչով դիմել է Հայաստանում բողոքի ակցիայի մասնակիցներին և ոստիկանությանը

Freedom House-ը կոչով դիմել է Հայաստանում բողոքի ակցիայի մասնակիցներին և ոստիկանությանը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ կոչ անելով ակցիաների մասնակիցներին խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Freedom House-ն այս մասին հրապարակում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Կազմակերպությունից նախ նշել են, որ իրենց անհանգստացնում են Հայաստանում լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ տեղի ունեցող բռնությունները՝ բողոքի ակցիաների ժամանակ:

«Կոչ ենք անում ժողովրդին խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները և ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց»,-ասված է հայտարարությունում: Ապա կազմակերպությունից հավելել են՝ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են՝ երաշխավորելու բոլոր քաղաքացիների իրավունքները՝ ժողովրդավարական նորմերին, ստանդարտներին համապատասխան: