գլխավոր Քաղաքականություն «Ինչպե՞ս կարող է Իսրայելն այդպես վարվել». հայկական և հրեական արմատներ ունեցող կնոջ...

«Ինչպե՞ս կարող է Իսրայելն այդպես վարվել». հայկական և հրեական արմատներ ունեցող կնոջ հարցազրույցը Haaretz-ին

Իսրայելական Haaretz պարբերականը հոդված է հրապարակել, որում ներկայացվում են հայկական և հրեական արմատներ ունեցող կնոջ մտորումները ստեղծված իրավիճակի շուրջ:

«Ես հրեա կամ հայ չեմ, ես և՛ հրեա եմ, և՛ հայ: Սակայն այս օրերին՝ Լեռնային Ղարաբաղում տիրող պատերազմի պայմաններում, հրեա և հայ լինելը հատկապես ծանր է», – ասել է Ռաքել անունով կինը, որի խոսքը ներկայացնում է հոդվածագիր Լառա Սեդրակյանը:

Վերջինս նշել է, որ իր զրուցակիցը չի ցանկացել հրապարակել իր ամբողջական անունն Իսրայելում իր ընտանիքի անդամների անվտանգության համար:

Վերջինս շեշտել է, որ Իսրայելը Ադրբեջանին զենքի խոշոր մատակարարներից մեկն է և այնպիսի սպառազինություն է վաճառում, որն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակավայրերի դեմ:

«Երբ պատերազմը բռնկվեց, «Յոմ Կիպպուրի» (Հուդայականության կարևոր տոներից մեկը, որ խորհրդանշում է մեղքերից ձերբազատվելը- Tert.am) սկիզբն էր: Չգիտեմ՝ կկարողանայի արդյոք սինագոգ այցելել, քանի որ պարզ գիտակցում եմ, որ Իսրայելն է զենք ապահովում Ադրբեջանին, և այդ զենքը մարդկանց է սպանում: Իմ ներսում քաոս էր տիրում»,- խոստովանել է Ռաքելը, որն այժմ Երևանում է գտնվում:

«Երկուշաբթի հեռախոսազանգ եմ ստացել Բեն-Գուրիոն» օդանավակայանում աշխատող ընկերներիցս մեկից, որը տեղյակ էր «Ուվդա» օդակայանի (երկրորդ խոշորագույնն Իսրայելում) անցուդարձից: Նա ինձ ասաց, որ արտասովոր քանակով ադրբեջանական բեռնատար օդանավեր են վայրէջք կատարում և օդ բարձրանում այնտեղ: Ինքս ինձ հարցնում էի. ինչպե՞ս կարող է Իսրայելն այդպես վարվել»,- հիշատակել է Ռաքելը:

«Կարծում եմ, որ Իսրայելը բարոյական պարտք ունի տալու, ընդհանուր հիշողության սկզբունքով: Իսրայելը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գուցե մտածում ենք, որ Հոլոքոստի ժամանակ սպանված 6 մլն մարդու կյանքը գերակշռում է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն-ին: Սակայն հետևանքը նույնն էր՝ գրեթե ամբողջական ժողովրդի ոչնչացումը»,- նշել է Ռաքելը՝ հավելելով, որ Էրդողանը այժմ էլ ցանկանում է վերացնել հայ ժողովրդին:

«Ողջ աշխարհը լռում է, քանի որ վախենում է Էրդողանից: Նա կարծում է, որ այն ամենն ինչ հայկական է իրեն է պատկանում: Նա ուզում է վերցնել Ղարաբաղը, ուզում է վերցնել Հայաստանը, ուզում է վերցնել նաև Երուսաղեմի տարածքները»,- ցավով նշել է հոդվածագրի զրուցակիցը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։