գլխավոր Քաղաքականություն Աշխարհը պետք է ուշադրություն դարձնի հոսպիտալի թիրախավորմանը

Աշխարհը պետք է ուշադրություն դարձնի հոսպիտալի թիրախավորմանը

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ակնկալում է, որ աշխարհն ուշադրության կարժանացնի Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում գտնվող հոսպիտալի թիրախավորման դեպքը: 
Այս մասին Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այսօր հայտարարություն տարածվեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է հոսպիտալներից մեկը, ինչը մեծ ուշադրության պետք է արժանանա ողջ աշխարհում, տեսնեն, թե ինչպես են բուժհաստատությունները թիրախավորվում: Չնայած, մեզ համար դա բոլորովին զարմանալի չէ, եթե թիրախավորվում է եկեղեցին, նույն ձև կթիրախավորվի նաև հիվանդանոցն ու հոսպիտալը»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են Արցախի հոսպիտալներից մեկը. «Ադրբեջանական զինված ուժերը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշյալը  միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները։ Սա արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: