գլխավոր Հասարակություն Մարտակերտի հրետակոծության հետեւանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից. Արցախի ՄԻՊ

Մարտակերտի հրետակոծության հետեւանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի ԶՈՒ չտարբերակված հրետակոծության հետևանքով աշխատանքային պարտականությունները կատարելիս սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները»,- գրել է Բեգլարյանը:

Արցախի Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի տասնչորսին Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են Արցախի հոսպիտալներից մեկը. «Ադրբեջանական զինված ուժերը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, թիրախավորել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշյալըմիջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները։ Սա արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: