գլխավոր Քաղաքականություն Մատվիենկոն լուրջ սպառնալիք է համարում ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների ներթափանցումը

Մատվիենկոն լուրջ սպառնալիք է համարում ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների ներթափանցումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի այլ երկրներից ժամանած ահաբեկիչների ներթափանցումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, անթույլատրելի է այդ հակամարտության միջազգայնացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Թեև դա հերքվում է, բայց արդեն այդ մասին հայտարարել են եւ Ռուսաստանի, եւ Ֆրանսիայի արտաքին հետախուզությունը եւ շատերը: Նրանք արձանագրել են այլ պետություններից ավազակախմբերի, ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններում»,- նշել է Մատվիենկոն:

Նա ընդգծել է, որ սա շատ լուրջ պատմություն է և շատ լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի համար, այն տարածաշրջանի համար, ընդհանուր առմամբ, մեծ վտանգ է ներկայացնում:

«Անթույլատրելի է այդ լուրջ հակամարտության միջազգայնացումը: Չի կարելի այլ պետությունների ներգրավել, այլապես դա կարող է հանգեցնել մեծ աղետի»,- եզրափակել է Մատվիենկոն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։