
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կոչ է անում վերջ դնել բոլոր սադրիչ հայտարարություններին, որոնք «յուղ են լցնում կրակի վրա» Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:
«Անհրաժեշտ է դադարեցնել բոլոր տեսակի սադրիչ հայտարարությունները ինչպես մի կողմից, այնպես էլ մյուս կողմից, որոնք թույլ չեն տալիս ինչ-որ կերպ կայունացնել իրավիճակը, այլ միայն յուղ են լցնում կրակի վրա և խախտում են բանակցությունների սեղանի շուրջ նստելու և լուծում գտնելու իրական ցանկությունը»,- ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մատվիենկոն:
Վերջինս հիշեցրել է, որ հակամարտության կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով կոչ է անում ոչ միայն Ռուսաստանը, և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություն է արվել:
«Ցանկացած խոստում, ցանկացած շփում, ցանկացած երկխոսություն, ցանկացած հեռախոսային բանակցություն, իհարկե, կրակոցներից ավելի լավ են: Եվ մենք շատ լավ զրույցներ ենք ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ: Եվ, իհարկե, նրանք նույնպես շատ մտահոգված են այն ամենով, ինչ տեղի է ունենում, յուրաքանչյուրը փորձում է ներկայացնել իր ճշմարտությունը: Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մեր երկրի նախագահը շատ բան է անում՝ արդյունքի հասնելու համար, այն է մարտական գործողությունները անհապաղ դադարեցնելը»,- ընդգծել է Մատվիենկոն:
Վերջինս հավելել է, որ հակամարտությանը ռազմական լուծում չկա, միայն բանակցություններ և փոխզիջումներ երկու կողմերից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։