գլխավոր Без рубрики Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումը ոգևորում է հայ հասարակությանը

Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումը ոգևորում է հայ հասարակությանը

«Սարդարապատի քաջեր», «Զարթի՛ր լաո», «Էրզրումի երգ», «Կիլիկիա», «Գետաշեն» և մի շարք այլ ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և Գյումրիից ժամանած երաժիշտները փորձեցին ոգևորել հայոց բանակի թիկունքում կանգնած հայ հասարակությանն ու այն զինվորներին, որոնք ռազմի դաշտում պաշտպանում են մեր հայրենիքը:

«Միացե՛ք՝ մի երգ, մի զարկ դառնանք» համերգ-կոչը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց:

Մինչ համերգի մեկնարկը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ռազմաճակատում ընկած հերոսների հիշատակը:

«Այս նախաձեռնության հեղինակը կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Նատալի Գալստյանինն է, որի որդին այժմ առաջնագծում է: Որոշեցինք  հարգանքի տուրք մատուցել այն բոլոր զինվորներին, որոնք զոհվել են և խրախուսել, ոգևորել այն զինվորներին, որոնք առաջնագծում են: Մենք շատ կարևոր օրեր ենք  ապրում, և սա խորհրդանշական  միջոցառում է»,-նշեց կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը և ընդգծեց, որ հնչող ռազմահայրենասիրական երգերի մեծ մասը գրվել է հենց առաջնագծում տարբեր պատերազմների ժամանակ:

Գյումրու հայորդաց տան երգչախմբի խմբավար Սոնա Զառաֆյանն էլ ասաց, որ շատ են ցանկացել նմանատիպ նախաձեռնություն իրականացնել Գյումրիում: «Անհրաժեշտ էր կազմակերպել որևէ միջոցառում, որը կոգևորի զինվորին, հասարակությանը: Մարդիկ պետք է հասկանան, որ մենք միասնական ենք և հաղթելու ենք»,-նշեց Զառաֆյանն ու հայ զինվորներին մաղթեց քաջություն:

Միջոցառումն իրականացվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  նախաձեռնությամբ՝  Երևանի քաղաքապետարանի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աջակցությամբ: