գլխավոր Հասարակություն Ադրբեջանական ԱԹՍ հարվածից տուժել է 14 տարեկան երեխա

Ադրբեջանական ԱԹՍ հարվածից տուժել է 14 տարեկան երեխա

Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,- ասված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

«Վարդենիս համայնքում բնակվող Արզոյանների ընտանիքն այսօր առավոտյան սովորականի պես գնում էր իրենց հողատարածքը մշակելու։ Ադրբեջանական ԱԹՍ հարվածել է մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին’ Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երևան, վերակենդանացման բաժանմունքում է»,- հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։