գլխավոր Գլխավոր Ադրբեջանը երկու զինծառայողի է գերեվարել. հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանը երկու զինծառայողի է գերեվարել. հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ

Իրավագետ, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են:

«Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը հոկտեմբերի 11-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներկայացրել հրատապ մի քանի միջոցներ կիրառելու մասին»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Զեյնալյանը։

Մասնավորապես, ՄԻԵԴ ներկայացված դիմումում նշված է, որ ըստ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության` պետք է երկու զինվորներին վերադարձնեն Հայաստանի իշխանություններին։ Սակայն մինչև նրանց վերադարձը պետք է ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիությունը, ինչպես նաև պատշաճ բժշկական օգնություն ապահովել։

Զեյնալյանի խոսքով` քիչ առաջ իրենց ծանուցել են, որ դատարանը հոկտեմբերի 12-ին գրանցել է գործը և ծանուցել Ադրբեջանի կառավարությանը:

Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել որոշ տեղեկություններ տրամադրել պահման պայմանների, բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին, ինչպես նաև նշված երկու զինծառայողների փոխանակման հնարավորության վերաբերյալ տեղեկություններ։ Ադրբեջանն այս հարցերին պետք է պատասխանի մինչև հոկտեմբերի 22-ը։