գլխավոր Իրադարձային «Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի ԼՂ անկախությունը». Ադամ Շիֆ

«Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի ԼՂ անկախությունը». Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մասնակցել է Լոս Անջելեսի Pan Pacific Park այգում տեղի ունեցած հանրահավաքին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով՝ կոչ անելով ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախությունը:

«Հարյուրավոր մարդիկ են մահացել և վիրավորվել, հազարավորներն էլ տեղահանվել են Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից առաջին ռումբերի նետումից հետո: Պատմական եկեղեցիներն ու քաղաքները ռմբակոծվել և ավերվել են: Սիրիացի գրոհայինները որպես վարձկաններ տեղակայվել են ադրբեջանական զինուժում՝ Թուրքիայի հովանավորությամբ:

Չնայած այս անօրինական պատերազմին՝ Արցախի ժողովուրդը դեռևս դիմագրավում է: Հայաստանի ժողովուրդը՝ նույնպես: Եվ մենք շարունակում ենք կանգնել նրանց կողքին:

Այս պատերազմը մի օրում չի ծագել: Այն արդյունքն է Բաքվի կոռուպցիոն ռեժիմի, որն իր ժողովրդի շրջանում բռնի էթնիկ-ազգայնական գաղափարներ է տարածում խաղաղության, բարգավաճման և ազատության փոխարեն:

Սակայն դա նաև Միացյալ Նահանգների քաղաքականության արդյունքն է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ: Շատ երկար ժամանակ կեղծ հավասարության քաղաքականություն է բանացրել, մինչդեռ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից հարձակումներ է իրականացնում Հայաստանի և Արցախի դեմ: Իսկ վերջիններս պաշտպանում են իրենց կյանքն ու տները:

Նախագահներ Ալիևն ու Էրդողանը պետք է հասկանան, որ այս տասնամյակներ տևող հակամարտությունը չի կարող լուծվել քաղաքացիական անձանց դեմ ուժի կիրառմամբ, և Միացյալ Նահանգները չպետք է անտարբեր մնա, երբ նրանք նման փորձեր են անում:

Այս հակամարտության միակ կարգավորումը կարող է տեղի ունենալ բանակցությունների միջոցով, այլև ոչ թե հրետանու և ռումբերի գործադրմամբ՝ ընդդեմ հայ ժողովրդի: Ամերիկան պետք է կանգնի Ստեփանակերտում գործող երիտասարդ ժողովրդավարության կողքին և ոչ թե Ալիևի ավտորիտար ռեժիմի: Եվ եթե Թուրքիան և Ադրբեջանը հետաքրքրված չեն Արցախի ներգրավմամբ բանակցություններ վարել, ապա ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»,- ասել է Շիֆը: