գլխավոր Քաղաքականություն Ադրբեջանական ԶՈՒ-ն Արցախում ավելի քան 120 բնակավայր է թիրախավորել. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական ԶՈՒ-ն Արցախում ավելի քան 120 բնակավայր է թիրախավորել. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է իր միջանկյալ զեկույցը։ ՄԻՊ գրասենյակը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ զեկույցում մասնավորապես ավելացվել են մարդկային ու նյութական կորուստների վիճակագրությունը, հոկտեմբերի 10-ին Հադրութում արձանագրված վայրագությունների մասին որոշ տվյալներ, զինծառայողների հանդեպ կատարված հանցագործությունների որոշ ապացույցներ ու միջազգային իրավական վերլուծություն: Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 31 խաղաղ բնակիչ, այդ թվում՝1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 23 տղամարդ:

«Հիշյալ անձանցից 18-ը սպանվել է անմիջապես իր բնակության վայրում, 3-ը՝ աշխատանքի վայրում, 10-ը՝ հասարակական այլ վայրերում : Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (10 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ), Զագլիկ (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (2 անձ) և Տիգրանակերտ տեղամասում (1 անձ)»,- նշված է պաշտպանի զեկույցում։ Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 106 մարդ։ Նրանից 86 -ի վնասվածքները լուրջ են։ Ընդ որում, 45-ը վիրավորվել է բնակության վայրում, 6-ը համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 12-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 23-ը հասարակական այլ վայրերում: Ամենից շատ մարմնական վնասվածքներ են ստացել մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ադրբեջանի ԶՈՒ-ի թիրախավորված հարվածների հետևանքով վիրավորներ կան Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, Թաղասեռ, Վարդաշատ համայնքներում, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում, Սպիտակշեն համայնքում, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում, Ներքին Հոռաթաղ, Մատաղիս համայնքներում, Ալաշան բնակավայրում, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում, Շուշի քաղաքում, Ասկերանի շրջկենտրոն Ասկերան քաղաքում, Այգեստան, Շոշ համայնքներում, Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքում։ Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի ավելի քան 120 բնակավայր։ Նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Արցախի ՄԻՊ-ը շարունակում է փաստահավաք առաքելությունն ու պարբերաբար թարմացված տվյալներ է ներկայացնում: