գլխավոր Գլխավոր Հակառակորդը բնակավայրերում դրոշով լուսանկարվելուց զատ ոչինչ չի կարողացել անի

Հակառակորդը բնակավայրերում դրոշով լուսանկարվելուց զատ ոչինչ չի կարողացել անի

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմում Ադրբեջանի Զինված ուժերի` վերջին մի քանի օրվա ընթացքում որդեգրած քաղաքականությունը: Մամուլի ասուլիսի ընթացքում Հովհաննիսյանը նշեց, որ այդ քաղաքականությունը ձևավորվել է պատերազմում ռազմական էական հաջողություններ չունենալուց հետո: 

«Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն որդեգրել է հետևյալ քաղաքականությունը` հեռախոսախցիկներին գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել, տեղեկատվական ակցիաներ իրականացնել, տարբեր շենքերի վրա դրոշներ պարզելով նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն իրենց, հետո նաև մեր հասարակության վրա: Խնդիրը հետևյալն է` արդեն երկարաժամկետ մարտական գործողությունների ընթացքում, կոտրելով սեփական զինված ուժերի մեծ ներուժը, հարձակողական մարտերում մեծ, էական առաջընթաց ու հաջողություններ չունենալով, Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել նման տեղեկություններով»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանի երեք-չորս բանակային կորպուսին հաջողվել է մեկ գնդի առջև առկա խնդրի չափով առաջխաղացում ունենալ:

«14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջ առկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական երեք-չորս բանակային կորպուսները մեծ հաշվով մեծ գովելու բան չունեն: Ցանկացած օտարազգի ռազմական փորձագետ կհաստատի իմ ասածը: Դրանից հետո ոչինչ չի մնում, բացի նրանից, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, նկարվեն տարբեր շինությունների մոտ ու ներկայացնեն դրանք որպես բնակավայրի գյուղապետարան կամ քաղաքապետարան»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: