գլխավոր Քաղաքականություն Իտալահայերը խաղաղ ցույց են իրականացրել Արցախի անկախությունը ճանաչելու խնդրանքով

Իտալահայերը խաղաղ ցույց են իրականացրել Արցախի անկախությունը ճանաչելու խնդրանքով

Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հռոմի Մոնտե Չիտորիո հրապարակում անցկացրել են խաղաղ ցույց` Իտալիայի կառավարությունից խնդրելով ճանաչել Արցախի անկախությունն ու սաստել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան:Ցույցին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաև իտալացիներ:

«Այսօր մենք հավաքվել ենք մեր խոսքն ուղղելու Իտալիայի կառավարությանը, որպեսզի սաստի Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան: Խնդրում ենք ճանաչել Արցախի անկախությունը, քանզի դա միակ տարբերակն է ապահովելու Արցախի բնակչության խաղաղ կյանքը: Այսօր մեզ հետ կան նաև իտալացիներ, մեզ հետ պայքարում են, որպեսզի իրենց կառավարությունը ձայն բարձրացնի, քանզի լռել, նշանակում է մասնակցել: Եթե հարկ լինի, անշուշտ, բոլորս էլ պատրաստ ենք մեր եղբայրների կողքին լինել և պայքարել մեր ու Արցախի բնակչության ապահովության համար»,- նշել է Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչ Եվա Գաբրիելյանը:

Ցույցին մասնակցել են նաև իտալացի պատգամավորներ: Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Օրսինի Անդրեան իր լիակատար աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին, իսկ պատգամավոր Ջեննարո Միլյորեն հայտարարել է, որ դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմի գործողությունները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,- նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 11-ից շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը: