
Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, ոչ չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը, Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։
ՀՀ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց:
Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությունն ու ամփոփել խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում մինչ օրս արված աշխատանքները:
Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին հանդիպմանը միացել է հեռահար ձևաչափով։