
Էստոնիայի կառավարող կոալիցիայի մաս կազմող պահպանողական կուսակցությունը խորհրդարանում հանդես է եկել Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբջանի սանձազերծած պատերազմը քննադատող հայտարարությամբ։
Հայտարարությունը հնչեցրել է պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը, ով խմբակցության անունից մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում և վիրավորվում են խաղաղ բնակիչներ:
Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունն Ադրբեջանին և բացահայտ աջակցությունը՝ հարցի ռազմական ճանապարհով լուծմանը բարձրաստիճան սպայական կազմի ներգրավմամբ և դադարեցնել ջիհադիստական ահաբեկչական խմբավորումների ձևավորումն ու ուղղորդումն ադրբեջանա-ղարաբաղյան ճակատ»,– ասված է հայտարարության մեջ։
Պահպանողական կուսակցության ներկայացուցիչն անդրադարձել է նաև պատմության ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հայերի հետապնդման փաստերին` 19-րդ դարի վերջին, 1909, 1988, 1990թթ–ին, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան կայսրությունում կազմակերպված հայերի Ցեղասպանությանը։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման ջարդ չկրկնվի»,– հայտարարել է պատգամավորը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ պատմության ընթացքում հայկական տարածքը կրճատվել է 10 անգամ, և Խորհրդային Միության կազմում այն արդեն ամենափոքր հանրապետությունն էր: