գլխավոր Իրադարձային Ցավոք, հակառակորդի յուրաքանչյուր հրթիռակոծությունից հետո, վնասների ծավալներն ավելանում են. Վահրամ Պողոսյան

Ցավոք, հակառակորդի յուրաքանչյուր հրթիռակոծությունից հետո, վնասների ծավալներն ավելանում են. Վահրամ Պողոսյան

Արցախի իշխանությունները դեռևս չեն հաշվարկել, թե որքան գումար անհրաժեշտ կլինի Ադրբեջանի Զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծության վնասները վերականգնելու նպատակով:

Հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ հրթիռակոծությունները շարունակվում են, վնասներն էլ՝ ավելանում:

«Այսօր մենք նման հաշվարկներ չենք իրականացնում, որովհետև պատերազմը դեռևս չի ավարտվել: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի զենքերից հրթիռակոծել, հրետանակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ցավոք, յուրաքանչյուր հրթիռակոծությունից հետո միշտ ավելանում են այդ վնասների ծավալները, երբ կավարտվի պատերազմը, այդ ժամանակ արդեն կստեղծվի վնասները գնահատող հանձնաժողով, այդ հաշվարկները կարվեն ու հանրությանը տեղյակ կպահենք»,- ասաց Պողոսյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս օրերին գումար են նվիրաբերում Արցախին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, ովքեր այս օրերին մասնակցում են դրամահավաքին: Հավաքագրվող գումարներն ամբողջությամբ ուղղվելու են այն վնասների ու ավերակների վերականգնմանը, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել ու տեղի են ունենում»,- նշեց Վահրամ Պողոսյանը: