գլխավոր Իրադարձային «Ցեղասպանությունը ժխտող Անկարան այժմ մտադիր է շարունակել անթիվ-անհամար մարդկանց սպանդը»․ New York...

«Ցեղասպանությունը ժխտող Անկարան այժմ մտադիր է շարունակել անթիվ-անհամար մարդկանց սպանդը»․ New York Post-ը՝ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի դերի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը 100 տարի առաջ Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Ցեղասպանության ահարկու արձագանքն է, գրում է ամերիկյան New York Post թերթը։

Ինչպես նշում է թերթը, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ԼՂ-ում վերսկսել է հակամարտությունը՝ Հայաստանին մեղադրելով նախահարձակ լինելու համար:

«Ադրբեջանցիները բացահայտ ագրեսորներ են, որոնք իրենց զինված ուժերն արդիականացնում են թուրքերի օգնությամբ»,- գրում է New York Post-ը։

Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, թեև Էրդողանի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը ներքին տնտեսական խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ է, այնուամենայիվ, ԼՂ-ում լոկալ հակամարտությունը վերածում է աշխարհաքաղաքական մեծ մրցակցության։

«Հայաստանը կարող է դիմադրել միայն Ռուսաստանի աջակցությամբ, իսկ դա նշանակում է, որ Մոսկվայի և Անկարայի միջև ուղիղ հակամարտությանը մնում է ընդամենը մեկ-երկու քայլ»,- ընդգծում է հոդվածագիրը։

Նրա խոսքով՝ մինչ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Հռոմի Պապը և մյուսները կոչ են անում դադարեցնել կրակը, Էրդողանը բորբոքում է աճող հակամարտությունը՝ Ադրբեջանին առաջարկելով իր անսասան աջակցությունը:

«Անկարան, որը հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը, այժմ մտադիր է շարունակել անթիվ-անհամար մարդկանց սպանդը»,-եզրափակում է աղբյուրը։