գլխավոր Քաղաքականություն Նոր մանրամասներ Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի վերաբերյալ

Նոր մանրամասներ Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի վերաբերյալ

Արցախի Տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որում հայտնել է նոր մանրամասներ Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի վերաբերյալ։
«Հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական կողմը սպանել է առնվազն հինգ քաղաքացիական անձի:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ: Մասնավորապես, հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին: Կան նախնական տվյալներ, որ Հադրութում քաղաքացիական անձանց շրջանում առկա են այլ զոհեր ևս. հանգամանքները դեռևս պարզվում են: Օրվա վերջին և գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի, Մարտունու, Շուշիի և այլ բնակավայրերի բնակելի հատվածներին:

Դրանց հետևանքով Մարտունի քաղաքում իր տան փլատակների տակ սպանվել է 75-ամյա Պարգև Սաղյանը, իսկ Շոշ գյուղում վիրավորվել է մեկ 65-ամյա կին: Ադրբեջանական հրթիռահրետանային թիրախային հարվածների հետևանքով տարբեր բնակավայրերում էականորեն վնասվել են նաև բնակելի տներ ու ենթակառուցվածքներ: Ստեփանակերտի վնասված տներից մեկի տարածք այցի ընթացքում Պաշտպանը գտել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված «Սմերչ» կասետային հրթիռի մնացորդներ, որոնք պարբերաբար ու լայնորեն կիրառվում են Ադրբեջանի կողմից»,-ասվում է գրառման մեջ: