գլխավոր Քաղաքականություն Թուրքական F-16 կործանիչները շարունակում են ուղեկցել Ադրբեջանի ԱԹՍ-ների գրոհները

Թուրքական F-16 կործանիչները շարունակում են ուղեկցել Ադրբեջանի ԱԹՍ-ների գրոհները

Թուրքական F-16 կործանիչները շարունակում են ուղեկցել և իրենց ներկայությամբ պատսպարել Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի գրոհներն Արցախի վրա: Այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները, մասնավորապես` օդային ղեկավարման կետերի կառավարմամբ, թուրքական 6 միավոր F-16 կործանիչների պատսպարմամբ, ուղեկցմամբ` մարտական ԱԹՍ-ները` թուրքական ու իսրայելական արտադրության, հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և Զինված ուժերին: Այդ գործողությունները կասեցվում են ՊԲ ՀՕՊ միջոցների կողմից»,- ասաց Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը, օդաչուն զոհվել է:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։