գլխավոր Քաղաքականություն Ադրբեջանի հետ մեր պատերազմը գոյատևման և ինքնորոշման պատերազմ Է. Իրաքում ՀՀ դեսպանություն

Ադրբեջանի հետ մեր պատերազմը գոյատևման և ինքնորոշման պատերազմ Է. Իրաքում ՀՀ դեսպանություն

Բաղդադում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների մասին Ադրբեջանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարություններին՝ նշելով, որ մեր պատերազմը ոչ կրոնական է և ոչ էլ՝ էթնիկ, այլ գոյատևման և ինքնորոշման պատերազմ է։

Դեսպանությունը հայտարարության մեջ նշել է, որ Բաղդադում Ադրբեջանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարն իսլամական համերաշխություն է հայցել Արցախի Հանրապետությունում հայերի դեմ Թուրքիայի աջակցությամբ մարտնչող Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմում»։ «Այս պատերազմը կրոնական կամ էթնիկ պատերազմ չէ, առնվազն՝ հայերի համար»,- ընդգծել է Իրաքում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ դա գոյատևման և ինքնորոշման պատերազմ է,  ազատություն ձեռք բերելու և արժանապատիվ ապրելու պատերազմ է։

«Հայերը հարգանք և սեր են տածում մուսուլմանների նկատմամբ և վերջինների հետ կիսում են իրենց հայրենիքը՝ որպես մեկ երկրի զավակներ, կառուցելով իրենց հայրենիքը, ինչպես որ դա արվում է Իրաքում: Հայերը հայտնի են Իրաքում, որտեղ աչքի են ընկել արհեստներով, արվեստով, գիտությամբ, տնտեսագիտությամբ, բիզնեսով, շինարարությամբ և բժշկությամբ։ Իրաքցի առաջին բժիշկը հայ է, մեկ այլ հայ հայտնաբերել է իրաքյան նավթը, ժողովրդական մարզադաշտի շինարարն է եղել հայ և Տայարանի հրապարակի կերպարվեստի թանգարանը նույնպես հայկական է։ Հայկական է նաև առաջին երկսեռ դպրոցը, առաջին տպարանը, և այդ ցուցակը շարունակելի է:

Թուրքերը ցեղասպանել են հայերին, ադրբեջանցիներն էլ իրենց հերթին ձգտել են վերջ դնել հայերի ներկայությանը և ջնջել նրանց հետքերը պատմական Հայաստանից, այդ թվում՝ նաև Նախիջևանից: Մեր պայքարը հանուն ազատության և արժանապատիվ ապրելու կամ մեռնելու համար է, մեր պատմական հողերը պաշտպանելու համար է ․․․ ճշմարտությունն այն է, որ երբ Հայաստանը երկկողմ և բազմակողմ հարաբերություններ հաստատեց իսլամական աշխարհի, հատկապես՝ արաբների հետ, թուրքական տարրը նույնիսկ իսլամ չէր ընդունել և դեռ ճանապարհ չէր ընկել դեպի Մերձավոր Արևելք՝ արոտավայրեր որոնելու համար։

Այդ անընդունելի կոչերի պատճառը պարզ է․ ագրեսիայի և ռազմական կորուստների յուրաքանչյուր անհաջող փորձից հետո նրանք խնդրում են վերադառնալ բանակցություններին, համոզված լինելով, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Հայաստանը սերտ կապեր է պահպանում արաբական և իսլամական աշխարհի հետ, և նրանց թվում պետք է նշել ձեռագրերի ամենամեծ հավաքածուի առկայությունը»: Հայաստանում, մասնավորապես՝ Ձեռագրերի տանը (Մատենադարան), իսլամական գրականության հազարավոր նմուշներ են պահվում։ Արաբական ձեռագրերի թիվը կազմում է շուրջ 3000 և դրանք Հայաստանը սիրով պահպանում է որպես համաշխարհային իսլամական ժառանգություն։

Նրանք /հայերը/ չէ որ քանդել են եկեղեցիներ և հազարավոր խաչքարներ, նրանք չէ որ եկեղեցիները մզկիթների են վերածել, սակայն դա արեցին ադրբեջանցիները և թուրքերը։ Ընդհակառակը՝ նրանք /հայերը/ վերականգնում են շիա և սուննի մզկիթներ, ինչպես դա արեցին Շուշիում և իրենց հայրենիքի այլ քաղաքներում, ինչպես որ արաբական շատ երկրներում վերականգնվում են հարյուրավոր հայկական եկեղեցիներ, այդ թվում՝ Իրաքում և Իրանում։ Ադրբեջանի հավատարմատարը «զարմանք» է հայտնում այն բանի կապակցությամբ, որ չի տեսնում Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ արաբական և իսլամական համերաշխություն։ Գուցե, այդպիսի հակահայկական համերաշխության բացակայության պատճառն այն է, որ Հայաստանը չէ, որ պայքարում է իսրայելական զենքով․ այն գնել է Ադրբեջանը՝ վճարելով միլիարդավոր դոլարներ, նպատակ ունենալով մեկ այլ ցեղասպանություն իրագործել: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և նրա կողմից կռվող վարձկաններին, ապա խոսքն այն վարձկանների մասին է, ովքեր վերջին տարիներին հազարավոր մահմեդականներ են սպանել Սիրիայում և Իրաքում։

Մենք դասեր քաղեցինք այս կյանքից, և պարտավոր ենք պաշտպանել մեր հողը, մեր հայրենիքը և մեր ժողովրդին թշնամիներից, և վստահ ենք, որ հաղթանակը մեր դաշնակիցն է»,- ասվում է հայտարարության մեջ։