գլխավոր Քաղաքականություն «Այդ ամենը հիշեցնում է 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը». ամերիկացի մեկնաբանն ազգային հեռուստաալիքի...

«Այդ ամենը հիշեցնում է 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը». ամերիկացի մեկնաբանն ազգային հեռուստաալիքի եթերում շեշտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին Արցախ ուղարկելու փաստը

ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում հեռարձակվող MSNBC ամերիկյան հեռուստաալիքով ցուցադրվող «Շաբաթը Ջոշուա Ջոնսոնի հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրվել է Արցախում տիրող իրավիճակին:

«Սա հողատարածքի համար երկու կողմերի միջև մղվող պայքար չէ: Սա էթնիկ համայնքի պայքարն է իրենց պատմության և բնակավայրի համար: Այս հարցում կարևորվում է Թուրքիայի դերակատարությունը, որը սիրիացի վարձկանների է ուղարկել այնտեղ, որոնք միավորվել են Ադրբեջանի հետ: Խնդիրն այն է, որ այդ ամենը հիշեցնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է Թուրքիայի կողմից և որն էլ հայ ժողովրդի անհանգստության պատճառն է հիմա»,- ներկայացրել է հաղորդման հյուրը՝ մեկնաբան, ԳեոԷկոնոմիկայի կենտրոնի ավագ գիտաշխատող, փորձագետ Հագար Չեմալին:

Հաղորդավար Ջոշուա Ջոնսոնը հիշատակել է, որ 2016 թվականին Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր:

Անդրադառնալով Արցախում տիրող իրադարձություններով ԱՄՆ-ի հետաքրքրվածությանը՝ մեկնաբանը շեշտել է, որ «ԱՄՆ-ն ռազմական օգնություն է տրամադրում Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ»: «Բացի այդ, հակամարտությանը միջամտում է Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Թուրքիան սրում է հայերի դեմ ուղղված ագրեսիան: Սա շատ կարևոր հանգամանք է, և հենց այդ պատճառով ԱՄՆ-ն պետք է հետաքրքրված լինի հարցի կարգավորմամբ»,- հավելել է Չեմալին:

Վերջինս հիշեցրել է նաև 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների դեմ թուրք ղեկավարի թիկնապահների հարձակումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։