գլխավոր Քաղաքականություն Գիշերը Ադրբեջանի կողմից Մարտունիի հրթիռակոծման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ

Գիշերը Ադրբեջանի կողմից Մարտունիի հրթիռակոծման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ

Կրակի դադարեցման հայտարարությունից հետո գիշերը ադրբեջանական ԶՈւ կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, վնասվել են բնակելի տներ: Այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել էին հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ:

Ադրբեջանը հոկտեմբերի 10-ին մի քանի անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հարվածներ հասցնելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, Շուշի և Մարտունի քաղաքներին: Հոկտեմբերի 11-ի առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ առաջնագծում որոշ տեղերում միջդիրքային փոքր մարտեր են ընթանում, փոքր հրաձգություններ կան, օգտագործվում է նաև փոքր հրետանի: