գլխավոր Քաղաքականություն ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելն ու վերանայի դիվանագիտական հարաբերությունները...

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելն ու վերանայի դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ. ԱՄՆ կոնգրեսական ԹիՋեյ Քոքս

Ամերիկացի կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ով առաջատար դեր է խաղացել ԱՄՆ-ում Արցախի ականազերծման ֆինանսավորման մասին որոշման անցկացման համար, ևս մեկ անգամ կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը չեղարկել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

«Ադրբեջանի լիակատար անտարբերությունը Արցախում հրադադարի վերջին կոչերի նկատմամբ մեկն է այն բազմաթիվ պատճառներից, որոնց համար ԱՄՆ-ն պետք է վերջ դնի Ադրբեջանին ռազմական օգնություն հատկացնելուն»,- գրել է կոնգրեսականը:

Վերջինս նաև կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են «հարյուրավոր կյանքերի կորստի համար»:

«Պետք է վերանայել մեր դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ: Երկու շաբաթ շարունակ նրանք ագրեսիվ կերպով ոտնահարել են մարդու իրավունքները և շարունակում են սրել բռնությունը հայերի դեմ: ԱՄՆ-ն պետք է դեմ կանգնի ահաբեկչությանը և գործի հենց հիմա»,- եզրափակել է կոնգրեսականը՝ գրառումը լրացնելով «Ուժեղ Արցախ» և «Կանգնեցրեք Ալիևին» հեշթեգերով:

Կալիֆոռնիացի կոնգրեսականն իր գրառմանը կից հրապարակել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը հրթիռակոծումից հետո պատկերող լուսանկարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 429 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։