գլխավոր Քաղաքականություն Հայկական կողմը պահում է հրադադարի պահպանման պայմանավորվածությունը. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սուտը

Հայկական կողմը պահում է հրադադարի պահպանման պայմանավորվածությունը. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սուտը

Հայկական կողմը ադրբեջանական գյուղերին հարվածներ չի հասցնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հերքելով Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գնդակոծում է ադրբեջանական գյուղերը:

«Այդպիսի բան չկա, հայկական կողմը պահում է հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասաց Ստեփանյանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 10-ին մի քանի անգամ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հարվածներ հասցնելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, Շուշի և Մարտունի քաղաքներին: Հոկտեմբերի 11-ի առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ առաջնագծում որոշ տեղերում միջդիրքային փոքր մարտեր են ընթանում, փոքր հրաձգություններ կան, օգտագործվում է նաև փոքր հրետանի: