գլխավոր Գլխավոր Կարմիր Խաչը հումանիտար հրադադարի պահպանման պայմանները բավարար չի համարում գործողություններ սկսելու համար

Կարմիր Խաչը հումանիտար հրադադարի պահպանման պայմանները բավարար չի համարում գործողություններ սկսելու համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու որևէ մարդասիրական գործողության մեջ ներգրավվել նման իրավիճակում, որովհետև այդ հումանիտար հրադադարը պետք է պահպանվի ամբողջությամբ, որն իր հերթին նաև կապահովի այնտեղ աշխատող մեր թիմերի անվտանգությունը: Մենք տեսնում ենք հրետակոծությունների մասին հրապարակումներ երկու կողմերից էլ»,- ասաց Ամատունին՝ ավելացնելով, որ բնականաբար, նման իրավիճակը թույլ չի տալիս գործողություններ սկսել, նման պայմանները բավարար չեն:

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած հանդիպման արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածության կետերից մեկով նշվում է, որ կրակը դադարեցվում է մարդասիրական նպատակով՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար: Հարցին թե, ովքեր են մտնում «պահպանման տակ գտնվող անձինք» ձևակերպման մեջ, Զառա Ամատունին պատասխանեց, որ այդ կապակցությամբ որևէ հստակեցում առկա չէ:

«Այս կապակցությամբ մեր կազմակերպությունը որոշում կայացնողների թվում չէ, որովհետև քաղաքական բանակցությունների մեջ ներգրավված չէ: Մեր դերը խիստ մարդասիրական է, ինչը նշանակում է, որ մենք կողմերին աջակցելու ենք կատարել իրենց պարտավորությունները` մարմինների, անձանց վերադարձը: Ինչ վերաբերում է շրջանակին, դա որոշում են կողմերը: Այս պահին մենք կողմերի հետ կապի մեջ ենք այն առումով, որ հայտարարության հետքերով հանդիպումներ ու քննարկում ենք ունենում ներգրավված կողմերի իշխանությունների հետ: Մանրամասները հստակեցվում են»,- նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը: