
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը:
«Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում որևէ ռազմական նշանակության բեռի հայտնաբերման փաստ չի արձանագրվել»,- հայտնում է վրացական կողմը:
Եկամուտների ծառայությունը տեղեկացնում է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունից Կազբեկի մաքսային անցակետ մուտք է գործել այլ երկրի քաղաքացու կողմից վարած՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար, որի բեռը ենթարկվել է մաքսային վերահսկողության:
«Մաքսային վերահսկողության շրջանակներում ապրանքի փաստաթղթերի, կամերային ստուգման և ապրանքի վիզուալ զննության արդյունքում որևէ ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել, և, համապատասխանաբար, օրինախախտման դեպք տեղի չի ունեցել: Նշված փոխադրամիջոցի կողմից Վրաստանի մաքսային սահմանի հատումը հաստատվել է, և այն շարունակել է շարժվել դեպի հաջորդ նպատակակետը»,- ասված է Եկամուտների ծառայության տարածած հաղոդագրության մեջ:
Նշենք, որ ի պատասխան Ադրբեջանին Թուրքիայից մատակարարվող ռազմատեխնիկայի ու ահաբեկչական խմբերի մասին հայկական կողմի վկայակոչած փաստերի` ադրբեջանական ԶԼՄ-ները փորձել են նույն մեղադրանքները վերագրել Հայաստանին ու Ռուսաստանին: