գլխավոր Գլխավոր Ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը

Ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համոզմամբ` Իսրայելի իշխանությունները տեղյակ են, որ Ադրբեջանին վաճառված իրենց անօդաչու թռչող սարքերը հարձակողական նպատակներով օգտագործվում են Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Այս մասին Հարությունյանն ասաց հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ապրիլյան պատերազմի ժամանակ (2016թ.-խմբ.) Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ օգտագործում են ոչ թե պաշտպանողական, այլ հարձակողական նպատակներով, այլև Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ օգտագործում դրանք: Այդ պատճառով, Իսրայելի իշխանությունը, եթե ասեր, որ տեղյակ չեն, դա հերթական ծաղրանքը կլիներ մարդկության նկատմամբ: Իհարկե, տեղյակ են և շարունակում են այսօր մատակարարել, և այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելի իշխանությունը, մի ժողովրդի, որն ապրել է ցեղասպանություն»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը հավելեց, որ աշխարհում փողն է տիրում, և Իսրայելի ղեկավարության կողմից իրականացվող այդ քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարվում են ոչ միայն մարդկային արժեքները, այլև Աստծո կողմից պարտադրված արժեքները:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ տեղյակ է ոչ միայն Իսրայելի իշխանությունը, այլև բոլոր իշխանությունները, որոնք զենք են մատակարարում Ադրբեջանին և շարունակում են մատակարարել: