գլխավոր Գլխավոր Արցախում գիշերը հրթիռակոծել են Մարտունին, Շուշին, Ստեփանակերտն ու գյուղական բնակավայրեր

Արցախում գիշերը հրթիռակոծել են Մարտունին, Շուշին, Ստեփանակերտն ու գյուղական բնակավայրեր

Հրադադարի առաջին գիշերը թշնամական ուժերը հրթիռակոծել են Արցախի խոշոր քաղաքներն ու գյուղերը: Ըստ նախնական տվյալների, կրակել են կասետային հրթիռներով: Ու այդ ֆոնին ադրբեջանական կողմը սկսել է աատեղեկատվություն տարածել, թե հայկական կողմը հարվածներ է հասցրել Գյանջա քաղաքին: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքեց այդ լուրը:

Գյանջային հարվածելու ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքել է նաև Արցախի պաշտպանության բանակը․ 

«Չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը: Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Հիշյալ պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն»,- ասված է ՊԲ տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական լրատվամիջոցները ժամեր առաջ նաև կեղծ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը հարվածներ է հասցրել Թերթեր քաղաքին։