գլխավոր Իրադարձային ՄԽ համանախագահներն աշխատում են կողմերի հետ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու շուրջ

ՄԽ համանախագահներն աշխատում են կողմերի հետ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու շուրջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով-ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որով ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման վերաբերյալ և կողմերին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ ակտիվ քննարկում են զոհվածների մարմինների և պահվող անձանց փոխանակման պայմանները և լոգիստիկան: Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ տրամադրել անվտանգության և նյութա-տեխնիկական ապահովման անհրաժեշտ երաշխիքներ:

Համանախագահները շարունակում են ակտիվ փոխգործակցությունը կողմերի հետ՝ կրակի դադարեցման հստակ պարամետրերը համաձայնեցնելու և համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի հիման վրա կարգավորման հասնելու շուրջ ինտենսիվ բանակցություններն ավարտին հասցնելու նրանց ջանքերին նպաստելու համար: