գլխավոր Առողջապահություն ՀՀ չափահաս բնակչության 48%-ն ունի ավելորդ քաշ, իսկ 20%-ի մոտ առկա է...

ՀՀ չափահաս բնակչության 48%-ն ունի ավելորդ քաշ, իսկ 20%-ի մոտ առկա է ճարպակալում․ ԱՆ

Գիրության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ ամեն տարի` 2010 թվականից սկսած, մարտի 4-ը նշվում է որպես գիրության համաշխարհային օր` նպատակ ունենալով մարդկանց իրազեկել գիրության խնդրի և վտանգների վերաբերյալ, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն գիրությունից ազատվելու, այն կանխելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
 

ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին 30 տարվա ընթացքում ճարպակալումով տառապող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: 2016 թվականին ավելի քան 1.9 մլրդ մեծահասակ ունեցել է ավելորդ քաշ:
 

ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունի ավելորդ քաշ, իսկ նրանց մեկ երրորդն ունի ճարպակալում: 2019 թվականին ԱՀԿ-ի կողմից իրականացված հետազոտությունների համաձայն` աշխարհում մոտ 38 միլիոն մինչև 5 տարեկան երեխա ունի ճարպակալում կամ հավելյալ քաշ:
 

Մետաբոլիկ գործոնների (զարկերակային գերճնշում, մարմնի զանգվածի բարձր գործակից և արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակ) տարածվածության բարձր մակարդակները էականորեն մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Ըստ «STEPS»-ի կողմից իրականացված ֆիզիկական չափումների հետազոտության` Հայաստանի չափահաս բնակչության 48%-ն ունի ավելորդ քաշ (ՄԶԳ ≥25 կգ/մ2), իսկ 20%-ի մոտ առկա է ճարպակալում (ՄԶԳ ≥ 30 կգ/մ2) (STEPS):