
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորված երկու ռուս լրագրողներին Ռուսաստանի Դաշնություն կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նույն ինքնաթիռով Մոսկվա են վերադառնալու նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքային այցը լուսաբանած լրագրողները։
Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցու հրթիռակոծությունից վիրավորված երեք ռուս լրագրողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն հայտարարել էր, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախում լրագրողների թիրախավորումը միտված է Ադրբեջանի բանակի ռազմական հանցագործությունների լուսաբանմանը խոչընդոտելուն: