գլխավոր Քաղաքականություն Մտքերի հայկական գագաթնաժողովը կմասնակցի 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից

Մտքերի հայկական գագաթնաժողովը կմասնակցի 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո hոկտեմբերի 10-ին Երևանում երկրորդ անգամ կանցկացվի Մտքերի հայկական գագաթնաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, գագաթնաժողովին հեռավար ձևաչափով կմասնակցի 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

Ամենամյա միջազգային այս գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել Դիլիջանում՝ այս տարվա հոկտեմբերի 10-11-ը, «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով, սակայն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հանրապետության նախագահը միջազգային իր գործընկերներին առաջարկել և նրանց համաձայնությամբ փոխել է թե՛ գագաթնաժողովի ձևաչափը, թե՛ օրակարգը:

Երևանյան գագաթնաժողովին կքննարկվեն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերները, այդ թվում՝ իրավիճակն Արցախում և, այդ համատեքստում, պարենային անվտանգությանը, կրթությանը, առողջապահությանը, մասնավորապես՝ COVID 19-ին առնչվող հարցեր:

«Գագաթնաժողովն աշխարհին կարևոր ուղերձներ հղելու լավ հարթակ է, ինչպես նաև ևս մեկ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու աշխարհաքաղաքական գործընթացներում դերակատարում ունենալու՝ Հայաստանի ներուժն ու հեռանկարը»,- ասվում է հաղորդագրության մեջ: