գլխավոր Գլխավոր ԼՂ հարցով մոսկովյան բանակցությունների մեկնարկից առաջ ուժեղացվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի...

ԼՂ հարցով մոսկովյան բանակցությունների մեկնարկից առաջ ուժեղացվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրի անվտանգությունը

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպումից առաջ ուժեղացվել է ՌԴ ԱԳՆ-ի Հյուրընկալությունների տան անվտանգությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Հյուրընկալությունների տան մուտքի դիմաց շարքով կանգնած են իրավապահ մարմինների աշխատակիցները: Տարածքում նկատվել են նաև ՕՄՕՆ-ականներ:

Հայտնի է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն արդեն ժամանել են Մոսկվա:

Ավելի վաղ Կրեմլը հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է Ռուսաստան՝  Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման նպատակով: Հինգշաբթի Պուտինը կոչ էր արել մարդասիրական դրդապատճառներով դադարեցնել Ղարաբաղում տեղի ունեցող մարտերը, որպեսզի հնարավոր լինի մահացածների և գերիների մարմինների փոխանակում իրականացնել: Այսօր էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին․ նրա խոսքերով՝ այս հանդիպման համար «ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»: