գլխավոր Քաղաքականություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նոր տարածաշրջանային կարգ է ստեղծում. Al Jazeera

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նոր տարածաշրջանային կարգ է ստեղծում. Al Jazeera

Մինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ընթացքի մեջ է՝ առանց կողմերի ձեռքբերումների մասին որևէ հավաստի և վերջնական զեկույցի, պարզ է դառնում, որ այս պատերազմի հետևանքներն ավելի մեծ կլինեն, քան զոհերի քանակը, քանի որ զարգանում է հակամարտությամբ զբաղվող տարածաշրջանային նոր շրջանակ, գրում է Al Jazeera-ն:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված հակամարտության վերսկսումը նախապատրաստվել է ամիսներ շարունակ: 2020թ. հուլիսին երկու երկրների միջև սահմանային բախումներից հետո օգոստոսին Անկարան մեծացրեց իր հռետորբանությունն ընդդեմ Հայաստանի՝ Սևրի պայմանագրի հարյուրամյակի նախօրյակին և հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական համատեղ զինավարժությունների ֆոնին: Այնուհետև սկսեցին լուրեր պտտվել Թուրքիայի կողմից ռազմական օժանդակություն ցուցաբերման և Ադրբեջանին ռազմատեխնիկա մատակարարելու մասին: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի  շրջանակում, սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունները սկսելուց ընդամենը մեկ օր առաջ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները իրենց ելույթներում նույնպես կանխանշել են սրացումը: Թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրենց խոսքում  օգտագործել են զգուշացնող բառապաշար:

Շատ աղբյուրներ կարծում են, որ ԼՂ սառեցված հակամարտության վերսկսումը Կովկասում Մոսկվայի և Անկարայի միջև դարավոր պատերազմի նոր գլուխն է: Այնուամենայնիվ, ավելի լավ ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ երկու կողմերն էլ այս թարմացված հակամարտությունն օգտագործում են իրենց ազդեցությունը տարածարջանում մեծացնելու համար՝ բացառելով արևմտյան գերտերություններին: